Արխիվ

ՍԵՎԱԿ ասոցիացիան իր ստեղծման օրվանից՝ 2009 թվականից, իր ոգեշնչումն ու էներգիայի աղբյուրը գտավ անդամների ու նրանց մերձավորների օգնությամբ և նախաձեռնությամբ ստեղծված տարբեր նախագծերի միջոցով: Լեզվի փոխանակումը, լեզուների դասընթացները, միջմշակութային միջոցառումները և այլ գործունեություններ նպաստել են ասոցիացիայի զարգացմանը:

Շվեյցարիայում կազմակերպված տարաբնույթ միջոցառումների շարքում հարկ է նշել «Նարեկացի» համույթի համերգը Ցյուրիխում, Լուգանոյում, Արաույում և Ժնևում` նվիրված հայկական ավանդական երաժշտությանը: Կոմիտասի, Գուսան Շերամի, Սայաթ Նովայի և այլոց ստեղծագործությունները կատարվել են հայկական ավանդական տարբեր երաժշտական գործիքներով: Հայաստանից ժամանած 6-ից 18 տարեկան երեխաները մի քանի օր շարունակ թնդեցնում էին Շվեյցարիայի և Ֆրանսիայի բեմերը:

 

Քայլ առ քայլ, նախագիծ առ նախագիծ, վստահության կապերը և բեղմնավոր համագործակցությունը հանգեցրին մի շարք ծրագրերի ստեղծմանը. յուրաքանչյուրն իր տեսակի մեջ եզակի էր, բայց հետապնդում էր միայն մեկ առաքելություն՝ սոցիալական փոխանակում, մշակույթների և ավանդույթների փոխանակում, ինչպես նաև միջմշակութային կապերի ամրապնդում:

 

Ստեղծման առաջին տարիներին ՍԵՎԱԿ ասոցիացիան հաստատեց որակյալ և համերաշխ մարդկային կապեր: Սաս-Գրունդում տեղի ունեցած «Հայկական հանգստյան օրերի» նախագիծը դրանց վառ օրինակն է. բազմամշակութային երեկո, որը նույն հարկի տակ հավաքեց շուրջ հիսուն մասնակիցների, ովքեր ժամանել էին Շվեյցարիայի բոլոր շրջաններից, ինչպես նաև Ֆրանսիայից, Գերմանիայից և նույնիսկ Հայաստանից:

Այս հանդիպման նպատակը երկու օր միասին Սաս-Գրունդում հավաքվելն էր, ուրախությամբ, համերաշխությամբ և ընկերությամբ լի պահերը կիսելը: Այդ օրերին ձյուն էր տեղում, արևն էր շողում՝ ուղեկցված երաժշտությամբ, պարով և գաստրոնոմիայով: Բոլոր ներկաների աչքերի և հոգու համար սա մի իսկական վայելք էր: Ասոցիացիայի և մասնակիցների համար առաքելությունն ի կատար էր ածված:

Հաշվի առնելով այն փաստը, որ միջմշակութային հաղորդակցության հաջողությունը նախ և առաջ կախված է տվյալ լեզվի տիրապետումից, հայոց, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների դասընթացների կազմակերպման նախագիծը երկար սպասեցնել չտվեց: Հայաստանում ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ուսուցման դասընթացներ էին կազմակերպվում հանրության լայն շրջանակների համար`առանց տարիքային սահմանափակման: Նախագծի շրջանակներում հրավիրվել էին երկու ուսուցիչներ, ովքեր մասնագիտացած էին օտար լեզուների ուսուցման մեջ: Նպատակը հետևյալն էր. լեզվի ուսուցում Ֆրիբուրգի համալսարանի (Շվեյցարիա) VKHS լեզուների դպրոցում կիրառվող մեթոդներով: Դասընթացն անվճար էր, հաջողակ ուսանողները ստացան վկայականներ՝ համապատասխան իրենց լեզվական հմտություններին: Մեկ այլ առաքելություն ևս հաջողությամբ պսակվեց:

2016 թվականից ՍԵՎԱԿ ասոցիացիան չի կազմակերպել փոխանակման նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեյցարիայում: Այս լռության պատճառը տվյալ ծրագրի պատասխանատուների մասնագիտական խիտ օրակարգն էր: 2021 թվականին ՍԵՎԱԿ ասոցիացիան նախատեսում է խախտել այդ լռությունը և վերսկսել նոր սոցիալ-մշակութային նախագծերի ստեղծումը: Առջևում սպասվում են նորանոր մեծ հնարավորություններ. բոլոր հետաքրքրված անձինք կարող են անդամակցել ասոցիացիային, դառնալ մի ջերմ ընտանիքի անդամ, որի առաքելությունը սոցիալ-մշակութային փոխանակման միջոցով ուսուցումն է, ավանդույթների փոխանակման հաճելի պահերի ստեղծումն ու մշակութային հարստացումը: