Գործունեությունը Հայաստանում
Աղբի խնդիրը Հայաստանում
Մեր Մասին
Sevak.ch
ՍԵՎԱԿ միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, այն ստեղծվել է 2009 թվականի հունվարի 20-ին Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում, մի խումբ հայ և շվեյցարացի ընկերների կողմից: Միության նպատակն է՝ ամրապնդել սոցիալ-մշակութային կապերը Շվեյցարիայի և Հայաստանի միջև:
Տարիների ընթացքում, ՍԵՎԱԿ միությունը տարբեր միջոցառումների շնորհիվ հաստատել է իր նպատակը՝ միտված բազմամշակութային կապերի ամրապնդմանը և դրանց տարածմանը երիտասարդ սերնդի մասնակցությամբ։
Աշխատանքի հիմքում ընկած է հայերի և շվեյցարացիների համար եզակի, արդյունավետ և կրթական փորձառնություններ ստեղծելու ոգևորությունն ու եռանդը։ Ստեղծել, փոխանակել և զարգացնել, ահա´ այն գաղափարները, որոնցով առաջնորդվել է ՍԵՎԱԿ միությունը՝ նպաստելով փորձի փոխանակման և սոցիալական այլ նախագծերի ստեղծմանը:
Սոցիալական հարթակ
Մտահոգվելով Հայաստանի բնական և պատմական ժառանգության պահպանմամբ՝ ՍԵՎԱԿ Ասոցիացիան, արվեստագետ Ալինա Մնացականյանի հետ համագործակցելով, 2011 թվականին նախաձեռնեց մի ինքնատիպ նախագիծ՝ համատեղելով արվեստը և ուսուցումը՝ մարտահրավեր նետելու հասարակության լայն զանգվածներին Հայաստանի պատմական անցյալի, երկրի ներկա իրավիճակի և ապագա սերունդների վերաբերյալ:
2011 թվականի հոկտեմբերի վերջին սկսվել է նախապատրաստական փուլը հայտնի Սևանա լճի ափամերձ տարածքներում աղբահավաքման աշխատանքներով, որոնց հիմնականում մասնակցել են Լճաշեն գյուղի դպրոցականները և մայրաքաղաք Երևանի ուսանողները: Երկու օրվա ընթացքում նախագծին մասնակցել են 130 կամավորներ, և շուրջ 9մ3 աղբ է հավաքվել, տեսակավորվել և, այնուհետև, պահեստավորվել Լճաշեն համայքում: Աղբահավաքման նոր փուլերը տեղի են ունեցել 2012-ի հուլիսին գյուղի շրջակայքում::
Աղբահավաքման այս միջոցառումները հնարավորություն տվեցին հասարակության ուշադրությունը հրավիրել երկրում թափոնների խնդրի վրա, մաքրել բազմաթիվ աղտոտված տարածքներ, բայց նաև «նոր կյանք» հաղորդել դեն նետված անպետք իրերին. տեսակավորելով և վերամշակելով դրանք՝ նոր իրեր ստեղծել՝ միաժամանակ զարգացնելով ստեղծագործական երևակայությունը:
Ծրագիրն իրականացվել է ՝
- Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի,
-Երևան քաղաքապետարանի,
- Լճաշեն համայքի,
- ՀՀ նախարարությունների (բնապահպանության, կրթության, քաղաքաշինության և էկոնոմիկայի),
- Երևանի արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի (ԱՄՀԼ),
- Էկո-Ինջինիիրինգի,
- Հետազոտության և ջրասույզների հայկական կենտրոնի (CARPS) հետ համագործակցությամբ: